ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Թուրքիան՝ պահապան շան դերում

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Թուրքիան՝ պահապան շան դերում
04.07.2013 | 21:44

Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան քաղաքագետ-տեսաբանները փորձում են հիմնավորել այն տեսակետը, ըստ որի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Թուրքիայի պարագայում վերջինիս ծավալապաշտական ախորժակների և ռազմական ակտիվության սահմանափակմանն է ուղղված: Այսինքն, թուրքական նեոօսմանիզմը, ըստ այդ տեսակետի հետևորդների, ապագա չունի Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, իսկ Թուրքիայի կողմից Կովկասում վարվող քաղաքականությունը լուրջ մարտահրավեր է Ռուսաստանին ու կարող է ռուս-թուրքական առնվազն քաղաքական առճակատման պատճառ լինել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի երգը երգված է, ու եթե ոչ վաղը, ապա գոնե մյուս օրը այդ երկիրն առանց մեր միջամտության կքանդվի, մենք էլ կհասնենք մեր բաղձալի նպատակին` կվերահաստատվենք Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում: Չեմ ուզում որևէ մեկին հիասթափեցնել, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է խնդիրը համակողմանի քննության ենթարկել. նույն ոգևորությամբ ժամանակին խոսվում էր թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ վատթարացման և այդ համատեքստում Թուրքիայի կործանման հեռանկարի մասին, սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ Իսրայելի հետ առերևույթ առճակատման պայմաններում Թուրքիան ամեն հնարավորն արեց Իսրայելի առավել հզոր հակառակորդ արաբական պետությունների ` Լիբիայի, Եգիպտոսի և Սիրիայի վարչակազմերը տապալելու և ներքին ծավալուն խժդժություններ ու զինված բախումներ հրահրելու համար: Արաբական գարնան այսօրինակ ընթացքի կարևորությունն Իսրայելի համար լավ է բնութագրում արաբահրեական հակամարտության թեժ տարիներին ծնված արաբական այն ասացվածքը, ըստ որի, «առանց Եգիպտոսի չի լինի պատերազմել, իսկ առանց Սիրիայի չի լինի խաղաղություն հաստատել»: Սրան զուգահեռ, Թուրքիայի տարածքից դուրս սկսեց իրականություն դառնալ անկախ Քրդստանի նախագիծը, որի իրականացումը մերձավորարևելյան լարվածության էպիկենտրոնը Իսրայելի սահմանակից տարածքներից կտեղափոխի արաբական աշխարհի հյուսիս-արևելյան ծայրամաս: Այս վերադասավորումներն ամենևին էլ չեն վկայում Թուրքիայի իրական դերի նվազման մասին, և միանգամայն հիմնավոր կերպով կարելի է նաև ասել, որ Թուրքիան ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության համար կատարել և շարունակում է կատարել կատաղած պահապան շան դեր, որը ուզածդ մեկին պատրաստ է տիրոջ հրահանգով հոշոտել: Թուրքիան զինվորական կայազոր է, որը կարող է միայն պատերազմի օրերին օգտակար լինել և չունի ինքնուրույն մտավոր, հոգևոր, տնտեսական, գիտական արժեք ու ներուժ, և դա այդ երկրի` ուրիշների համար շատ օգտակար հատկությունն է: Թուրքիայի ապագայի ճշգրիտ ու համակողմանի վերլուծությունը հատկապես կենսականորեն կարևոր է լինելու Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում, Իրաքում և Եգիպտոսում հաստատված մեր սփյուռքահայ հայրենակիցներին սպառնացող իրական վտանգները ճիշտ գնահատելու և դրանք կանխելուն կամ չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ քայլերը նախապատրաստելու և իրականացնելու համար:

Դիտվել է՝ 2790

Մեկնաբանություններ